Ուրսուլա Կրյոբեր Լե Գուինը ծնվել է 1929 թ. հոկտեմբերի21-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Բերկլի քաղաքում։ Նրա հայրն ականավոր ամերիկացի ազգագրագետ Ալֆրեդ Կրյոբերն էր, իսկ մայրը գրող Թեոդորա Կրյոբերը։ Ուսանել է Հարվարդի համալսարանի Ռեդկլիֆ քոլեջում, այնուհետև Կոլումբիայի համալսարանի մագիստրատուրայում՝ մասնագիտանալով միջնադարյան ռոմանական գրականության մեջ։ 1953 թ. Փարիզում ամուսնացել է ֆրանսիական ծագմամբ ամերիկացի Չարլզ Լե Գուինի հետ։ 1958 թ. ամուսնու հետ միասին բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում։ Նա ունի երկու դուստր և մեկ որդի։
Լե Գուինն իր առաջին պատմվածքը գրել է 11 տարեկան հասակում և ուղարկել «Astounding Science Fiction» ամսագրին, որը սակայն հրաժարվել է այն հրատարակել։ Նրա վաղ շրջանի ստեղծագործությունները նվիրված են Օրսին անունը կրող հնարված աշխարհին, որոնք չեն վերաբերում Գիտական ֆանտաստիկայի և ֆենտեզիի ժանրերին։ Այս ստեղծագործությունները լույս են տեսել հետագայում, երբ գրողն արդեն հռչակ էր ձեռք բերել, որպես ֆանտաստ գրող։ Լե Գուինի ստեղծագործությունները մյուս ֆանտաստ գրողներից հիմնականում տարբերվում են հումանիտար թեքումով. նա մեծ ուշադրություն է հատկացնում սոցիոլոգիական և ազգագրական խնդիրների քննարկմանն ու վերլուծմանը։ Այս առումով առանձնապես հիշատակելի են նրա «Հայնյան շարքի» մեջ մտնող ստեղծագործությունները։ Գրողի բոլոր ստեղծագործությունները, չնայած դրանց ֆանտաստիկ բնույթին, մարդ անհատի մասին են, նա հիմնականում քննում է տարբեր մշակույթների փոխթափանցման հարցերը՝ այսպիսով ընթերցողին հնարավորություն տալով այլ տեսանկյունից դիտել մարդկային հասարակությանը հուզող խնդիրները։ Այս երևույթն իր ամենավառ դրսևորումն է գտել հատկապես նրա «Խավարի ձախ ձեռքը» վեպում, որտեղ հեղինակը քննարկում է սեռերի փոխհարաբերությունների խնդիրները։ Լե Գուինն իր ստեղծագործություններում փորձում է տալ մարդ անհատի հոգեկան զարգացման պատկերը և վերլուծում այդ զարգացմանը բնորոշ հիմնահարցերը։ Այս առումով շատ հետաքրքիր է արդեն ֆենտեզիի ժանրի դասական դարձած նրա «Երկրածովյան» շարքը, որն անկասկած նորարարություն էր ֆենտեզիի ժանրում, որտեղ մինչ այդ գերիշխում էր տոլկինյան պոետիկան։